«Սասնա խռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը մտավախություն ունի, որ իր պաշտպանյալից ստիպողաբար արյան նմուշ կվերցնեն:

«Այսօր քննիչը փորձում էր արյան նմուշ վերցնել, բայց Սմբատ Բարսեղյանը հրաժարվեց: Արձանագրություն կազմելու փոխարեն քննիչը ոչ թե արձանագրություն կազմեց, այլ ասաց, որ դիմում գրի, որ հրաժարվում է: Դիմումը գրեցինք, բայց մտավախություն կա՝ դիմումը մուտք եղավ, թե չէ: Բացի դրանից, մտավախություն կա, որ փաստաբանի բացակայությամբ կարող են ստիպողաբար արյան նմուշ վերցնել կամ այլ եղանակով»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուզաննա Սիրեկանյանը:

Արյան նմուշ պետք է վերցվի, ըստ քննիչի պարզաբանման, որպեսզի պարզ դառնա՝ Սմբատ Բարսեղյանի հագուստի վրա առկա արյան հետքերին համապատասխանում է, թե ոչ:

«Սմբատ Բարսեղյանը նաեւ հրազենային վնասվածք ունի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց առ այսօր չի կատարվել այն»,- նշեց փաստաբանը: