Երեւանը միայն կշահի տարածաշրջանում Մոսկվայի դերի ակտիվացումից: Այս մասին օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ուշադիր հետեւել է վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական շփումներին: «Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որ Ռուսաստանը ներդրում է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, եւ անձնական մեծ ներդրման համար խաղաղության գործընթացում»,- բանակցություններից հետո ասել է Սերժ Սարգսյանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ վստահություն է հայտնել, որ անհնար է լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ միայն հետեւանքները վերացնելով եւ պատճառներին չանդրադառնալով: «Խաղաղ բանակցային գործընթացը երբեք պարզ չի լինում»,- հավելել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը հանդես է եկել լուծումներ գտնելու օգտին, որոնց հիմքում կլինեն փոխադարձ վստահությունն ու հարգանքը, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:





























