«Գազպրոմ»-ը ցանկանում է վերադառնալ «Թուրքական հոսք»-ի հարցով Թուրքիայի հետ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը: Ռոսիյսկայա գազետայի փոխանցամբ՝ այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի նախագծերի կառավարման բաժնի ներկայացուցիչ Անատոլի Ֆայանցեւը:
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսվում էր իրականացնել նախագծային ֆինանսավորման պայմաններում: «Այդ պատճառով աշխատանքները սկսելուց հետո պետք է վերադառնանք այդ հարցին: Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումից հետո ուզում ենք վերադառնալ միջկառավարական համաձայնագրի կնքմանը: Բացի այդ, առաջիկայում կքննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը ստորագրվել է «Հարավային հոսք»-ից «Թուրքական հոսք»-ի անցնելուց հետո»,- հայտարարել է Ֆայանցեւը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց. «Բոլորս էլ ցանկանում ենք վերականգնել երկխոսությունը, վերականգնել մեր հարաբերությունները՝ հանուն Թուրքիայի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերի»:
Մամուլի ասուլիսում էլ Պուտինը նշել է, որ «Թուրքական հոսքի» հետ կապված հիմնական հարցերն ու լուծումներն արդեն ձեւակերպված են, «թեեւ կան որոշ հարցեր, որոնք լրացուցիչ լուծում են պահանջում»:





























