«Սասնա Ծռեր» խմբավորումը հետապնդում է Հայաստանի ապագաղութացման նպատակ եւ սխալ է նրան վերագրել «Ազգային համաձայնության կառավարություն» ձեւավորելու տեսակետներ: Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք նպատակ ունեն ստեղծելու «Ժողովրդի վստահության կառավարություն»:
«ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով «Սասնա Ծռեր» խմբավորմանը վերագրվում է այսպես կոչված «Ազգային համաձայնության կառավարություն» ձեւավորելու տեսակետներ: Թյուրըմբռնումներից խուսափելու եւ մեր տեսակետները հանրայնացնելու համար ներկայացնում եմ հետեւյալ պարզաբանումը:
1. «Սասնա Ծռեր» խմբավորումը հետապնդում է Հայաստանի ապագաղութացման նպատակ, ինչը Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) վերակերտման պատմական անհրաժեշտությունը կյանքի կոչելու անխուսափելի եւ առաջնահերթ քայլն է: Առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք ապագաղութացման եւ ՀՀ-ի վերակերտման վերաբերյալ մեր տեսակետները:
2. Գաղութացված պետությունում օբյեկտիվորեն չի կարող ձեւավորվել «Ազգային համաձայնության կառավարություն»: Որպես կանոն, այն ձեւավորվում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից, մինչդեռ գաղութացված պետությունում խորհրդարանը եւ այն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները չեն արտահայտում ժողովրդի (ազգի) կամքը: Ուստի նման պետության խորհրդարանը եւ կուսակցական վերնախավը գաղութային վարչակազմի բաղադրիչներ են:
3. Ապագաղութացումն առաջին հերթին ենթադրում է ձերբազատում հենց գաղութային վարչակազմից, որի մաս են կազմում, ինչպես արդեն նշվեց, խորհրդարանական կուսակցությունների եւ, առհասարակ՝ առկա կուսակցություների վերնախավը, որի շրջանակից պետք է ձեւավորվի «Ազգային համաձայնության կառավարությունը»: Պատահական չէ, որ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը իր տխրահռչակ ելույթում խոստացավ ստեղծել այդպիսի կառավարություն:
4. Անշուշտ, կուսակցական վերնախավում կան պարկեշտ եւ հայրենասեր մարդիկ, ովքեր նույնպես ապագաղութացման ջատագով են: Սակայն, նրանք բացառություն են եւ չեն խախտում ձեւավորված օրինաչափությունը: Ուստի նման անհատները պարտավոր են գիտակցել իրենց կարգավիճակի երկակի եւ հակասական բնույթը՝ իրենց գործունեությունը հիմնականում ծավալելով ապագաղութացման, այլ ոչ թե գաղութային վարչակազմի նախաձեռնած եւ նրա վերահսկողության ներքո գտնվող գործընթացներին (ընտրություններ, օրինաստեղծ գործունեություն եւ այլն) մասնակցության տիրույթում: Հակառակ պարագայում նրանք ակամա սպասարկում են գաղութատիրությանը:
5. Վերը նշված 3-րդ կետում հիշատակվող՝ գաղութային վարչակազմից ձերբազատվելու քայլը կատարելուց հետո հարկ կլինի ապահովել պետության կառավարման շարունակականությունը: Այդ նպատակով մենք (եւ ոչ միայն մենք, այլեւ ժողովրդի ակտիվ մեծամասնությունը) առաջարկում ենք ձեւավորել «Ժողովրդի վստահության կառավարություն»: Ի տարբերություն «Ազգային համաձայնության կառավարության», «Ժողովրդի վստահության կառավարությունը» հենվում է ժողովրդի (ազգի) կամքի վրա եւ կոչված է իրականացնել նրա նպատակները:
Մեր համոզմամբ, «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձեւավորվի քաղաքական եւ հասարակական միավորումների (հարկավ, ապագաղութացման եւ ՀՀ-ի վերակերտման գաղափարներն ընդունող) լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ եւ անհատական մակարդակներում ոլորտային եւ տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ:
6. «Ժողովրդի վստահության կառավարությունը» Արցախի ազատագրված տարածքների նկատմամբ պետք է ունենա «Ոչ մի թիզ հող» դիրքորոշումը: Նրա կազմում պետք է լինեն բացառապես այնպիսի գործիչներ, ովքեր Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ապագաղութացումը եւ վերակերտումը պատկերացնում են մեր պետությունը տարածաշրջանային գործոնի վերածելու պայմանով: Իսկ այսպիսի պետությունը չի կարող մնալ ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի մեջ եւ կաշկանդվել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող՝ Մոսկվայի եւ Կարսի տխրահռչակ պայմանագրերով: Ուստի «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձեւավորվի եւ գործի՝ հեռանկարում առնվազն ունենալով Կուր-Արաքսյան Հայաստանի տեսլականը:
7. Էական նշանակություն ունի ՀՀ-ի ապագաղութացման եւ վերակերտման հիմնական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ժամկետի եւ, ըստ այդմ՝ Ժողովրդի վստահության կառավարության մանդատի հարցը: Կողմնորոշվելու չափանիշը մեկն է՝ այս միջոցառումները պետք է ձեւավորեն այնպիսի անդառնալի իրավիճակ, որի պարագայում հնարավոր չի լինի վերականգնել գաղութատիրությունը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը եւ արտաքին հարաբերությունները ռուսական գաղութատիրական ազդեցությունից ազատելու համար: Մեր կարծիքով, այդ ժամանակը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Միեւնույն ժամանակ՝ այն չի կարող երկու տարուց ավել լինել, քանի որ ժողովրդավարության հեռանկարը վտանգի ենթարկելու խնդիր կառաջանա: Այդ անցումային փուլի ժամկետը պետք է նախապես սահմանվի: Նրա ընթացքում պետք է իրականացվի քաղաքական, տնտեսական եւ գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում), ազգայնացվեն կամ ազգային վերահսկողության տակ առնվեն ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները, ձեւավորվեն ռուսական ազդեցության տակ չգտնվող եւ/կամ գաղութային վարչակազմի մաս չկազմող կուսակցություններ, անցկացվի ապախորհրդայնացում (ապակոմունիզացում), վերանայվի Ռուսաստանի հետ կամ նրա մասնակցությամբ կնքված միջազգային պայմանագրաիրավական համակարգը, ՌԴ սահմանապահները փոխարինվեն ՀՀ սահմանապահներով, որոշվեն ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցերը: Զուգահեռաբար՝ պետք է լուծվի ամենակարեւոր խնդիրը, այն է՝ նոր սահմանադրության մշակումը եւ ընդունումը, որի հիման վրա պետք է անցկացվեն համապետական եւ ՏԻՄ նոր ընտրությունները: Ասվածից ակնհայտ է դառնում, որ «Ժողովրդի վստահութան կառավարության» մանդատը չի կարող տրվել այդքան երկար ժամկետով եւ նման լայն լիազորություններով: Ուստի «Ժողովրդի վստահութան կառավարությունը» պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի Ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ: Առկա իրավիճակում Ժամանակավոր խորհրդարանը կարող է ընտրվել միայն այլընտրանքային եղանակով եւ մեծամասնական ընտրակարգով՝ շատ կոշտ ֆիլտրների (ընտրազատման չափանիշներ) կիրառմամբ: Իր հերթին՝ Ժամանակավոր խորհրդարանը պետք է նշանակի Ժամանակավոր կառավարություն, ինչից հետո «Ժողովրդի վստահության կառավարության» լիազորությունները պետք է դադարեցվեն:
8. Ռուսական գաղութատիրությունից ազատվելու եւ ՀՀ-ն վերակերտելու գործընթացը՝ առնվազն մինչեւ նոր Սահմանադրությանը համապատասխան անցկացվող ընտրությունների արդյունքների ամփոփման պահը պետք է տեղի ունենա ժողովրդի գերքաղաքական ակտիվացման պայմաններում: Ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ գործընթացին, մնա հրապարակում եւ վերահսկի ամեն ինչը եւ բոլորին: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել Անցումային փուլի հավանական շեղումներից եւ պետականության նավը հասցնել քաղաքակրթության, ժողովրդավարության ու ինքնիշխանության նավահանգիստ»,- ասված է հայտարարությունում:





























