Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը օգոստոսի 10-ին բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով դադարեցնել պաշտպանյալի քրեական հետապնդումը եւ վերացնել կալանքի որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանավորման որոշումը ենթադրությունների հիման վրա է կայացվել, որոնք ապացուցման կարիք ունեն:

Նրա խոսքով՝ Դավիթ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրան մեղսագրել են արարք, որը  չի կատարել:

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: