Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հանդես եկել նիկաբի, չադրայի կամ փարանջայի կրման լիակատար արգելքի գաղափարի դեմ, որը նախօրեին առաջարկել էին Քրիստոնեադեմոկրատան միություն/Քրիստոնեասոցիալիստական միություն դաշինքի նրա գործընկերները, փոխանցում է DW-ն:

Նրա կարծիքով՝ այդպիսի որոշումը կհակասեր Սահմանադրությանը: Ինչպես հայտարարել է դե Մեզյերը երկրում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների ցանկը ներկայացնելիս, ինքն անձամբ կողմ չէ, երբ կանայք ամբողջությամբ փակում են դեմքը, բայց «չի կարելի արգելել այն ամենն, ինչին կողմ չես»:

Նա քննադատել է երկքաղաքացիության չեղարկման հնարավորությունը: Նրա կարծիքով՝ ոչ մի հիմնավորում չկա այդ հարցը կրկին շոշափելու համար: Դրա հետ մեկտեղ Գերմանիայի ՆԳ նախարարը կարծում է, որ անհրաժեշտ է քաղաքացիությունից զրկել ջիհադականներին, որոնք մեղադրվում են հանացագործությունների իրականացման կամ Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններին մասնակցության մեջ:

Թոմաս դե Մեզյերի կարծիքով՝ Գերմանիայում անվտանգության մակարդակի բարձրացմանը նաեւ կնպաստեն միգրանտների, հնարավոր հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների անհապաղ արտաքսումը եւ ոստիկանների թվի ավելացումը:

Նոր օրինագիծը պետք է ընդունվի մինչեւ ներկա գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը, հայտարարել է դե Մեզյերը: