Ղրղըզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովn (ԿԸՀ) ավրտել է հոկտեմբերի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Ըստ այդմ, Ժոգորկու Քենեշ (միապալատ խորհրդարան) են անցնում 5 կուսակցություններ:

Խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Աթա Ժուրտ» շարժումը, որն ստացել է ընտրացուցակներում ընդգրկվածների 8,88 տոկոսի քվեն: Երկրորդ տեղում սոցիալ դեմոկրատներն են 8,04 տոկոսով, այնուհետեւ գալիս են «Ար-Նամըս»-ը` 7,74 տոկոսով, «Հանրապետությունը»` 7,24 տոկոսով, «Աթա Մաքեն»-ը` 5,6 տոկոսով: Մասնակցությունը կազմել է 55 տոկոս, գրում է Gazeta.ru-ն:

Հունիսին համաժողովրդական հանրաքվեի ժամանակ Ղրղըզստանի քաղաքացիները քվեարկել էին նոր Սահմանադրության օգտին, ըստ որի, խորհրդարանի ձեւավորումից հետո, ըստ էության, բոլոր լիազորություններն անցնում են խորհրդարանական մեծամասնության կողմից նշանակվող վարչապետին: Մինչեւ 2011-ի ավարտը երկրի նախագահի լիազորությունները կատարող Ռոզա Օթունբաեւային մնում են միայն ներկայացուցչական լիազորություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ղրղըզստանի խորհրդարանի 120 տեղի համար պայքարում էին 29 կուսակցություններ: Խորհրդարանում հայտնվելու համար նրանք պետք է հաղթահարեին 5 տոկոսի շեմը: Քվեաթերթիկի երկարությունը կազմել էր 70 սմ: Քվեաթերթիկը տպագրվել էր ղրղըզերեն եւ ռուսերեն: