Թերթը, գրում է, որ երեկ «Facebook» սոցիալական ցանցում մի տեսանյութ էր տեղադրվել, որն առաջին իսկ վայրկյաններից հիշեցնում է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած անմարդկային միջադեպի կադրերը:
Տեսանյութը ամիսներ առաջ տեղադրվել էր Youtube-ում (http://www.youtube.com/watch?v=C4GDJRHqXNk): Սակայն, ի տարբերություն վերջինի, այս մեկում «իրադարձությունները» տեղի են ունենում Երեւանի կենտրոնում` դպրոցի դասարանում: Տեսանույթում հստակ երեւում է եւ լսվում է, թե ինչպես է ֆիզիկապես մարդանման այս ուսուցիչը «պատժում» 8-րդ դասարանի աշակերտներին: «Կտամ գլուխդ կցխվի, այ տվար…», «Մատներդ կջարդեմ այ ուռո գլոխ…»: Այս եւ նման այլ «դաստիարակչական հայտարարություններով» են ուղեկցվում երեխայի ուղղությամբ տեղացող այդ հաղթանդամ տղամարդու հարվածները:
Թորթին Հաջողվել է պարզել այս ուսուցչի անունը եւ նրա մասին որոշ տվյալներ: Այս կադրերը նկարահանվել են Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ռուսական թեքումով դասարաններից մեկում (այս դպրոցը, ի դեպ, հայտնի է որպես «էլիտար եւ հարուստների երեխաների» դպրոց): Իսկ երեխային հարվածողը դպրոցի պատմության ուսուցիչներից մեկն է` Էդուարդ Եվգենիի Գեւորգիզովը, որի հայրը եւս տարիներ շարունակ աշխատել է Պուշկինի անվան դպրոցում: Թե ինչպես կարձագանքեն այս անասնական տեսաանին կրթության ոլորտի պատասխանատուները, անկեղծ ասած, ոչ մեկին չի հետաքրքրում: Հատկապես, երբ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը էլ.լրատվամիջոցների հետ զրույցում ոչ միայն չի թաքցրել, որ տեղյակ է մարտ ամսին կատարվածի մասին, այլեւ զարմանում է. «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին, հրավիրվել է մանկավարժական խորհուրդ, որտեղ քննարկվել է կատարվածը, եւ ուսուցիչը ներողություն է խնդրել, ներվել է ծնողի եւ աշակերտի կողմից եւ բարեհաջող ավարտել ուսումնական տարին: Թե այսօր ինչո՞ւ են վեր հանել այս ամենը` չեմ կարող հասկանալ: Աշակերտն այդ օրը շատ վատ պահվածք է դրսեւորել, ինչն էլ ուսուցչին հասցրել է էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակի: Մարդ է հիմա, պատահում է, բայց խայտառակ բան է, արդարացում չունի»: Դպրոցի տնօրենը նաեւ ասել է, որ չի հեռացնի ուսոցչին. «Նա այնպիսի մարդ է, որ կարող է իր կամքով հեռանա դպրոցից»:
«Ամենասարսափելին այն է, որ մենք ապրում ենք մի երկրում, որում այս կարգի «դեգեներատները» ոչ միայն չեն մերժվում հասարակության կողմից, այլ աշխատում, նույնիսկ տնօրենի կոմից արդարացվում են, կոչումներ են ստանում ամենատարբեր ոլորտներում»,- գրում է պարբերականը:





























