Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը Անթալիայում անցկացվող «Ոսկե նարինջ» կինոփառատոնի ժյուրիի անդամությունից հրաժարված եւ Թուրքիան լքած սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայից ներողություն է սպասում, ում Կուստուրիցան թշնամի էր անվանել:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Կուստուրիցայի մասնակցությամբ «Ոսկե նարինջ» կինոփառատոնը բոյկոտած Էրթուղրուլ Գյունայը խորհուրդ է տվել իրեն թշնամի հայտարարած սերբ ռեժիսորին իր խոսքերը նորմալ թարգմանել, հասկանալ եւ իրենից ներողություն խնդրել:
Թուրք նախարարը բողոքել է, թե Կուստուրիցան ոչ միայն իրեն «դուշման» է հայտարարել, այլ նաեւ թուրքերին մեղադրել հայերի ցեղասպանության մեջ: «Ես դեռ կարծում եմ, որ նրան իմ խոսքերը սխալ եւ ուռճացված են թարգմանել: Թող հիմա պահանջի նորմալ թարգամություն, կարդա եւ ինձնից ներողություն խնդրի»,-հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարարը:
Նշենք, որ Էմիր Կուստուրիցան հրաժարվել է «Ոսկե նարինջ» կինոփառատոնում ժյուրիի անդամությունից, քանի որ Քափլանօղլուն հայտարարել էր, թե Կուստուրիցայի ներկայության դեպքում իր «Մեղր» ֆիլմը չի ներկայացնի։ Իր հերթին, Թուրքիայի մշակույթի նախարարն էլ հայտնել էր, թե Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի փառատոնին:
Կուստուրիցան քննադատել էր իր դեմ իրականացվող այս գործողությունները, թշնամի հայտարարել Թուրքիայի մշակույթի նախարարին եւ հարցրել Քափլանօղլուին, թե ինչո՞ւ նա չի բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին:
Թուրքիայում Կուստուրիցային մեղադրում են բոսնիացիների կոտորածները պաշտպանելու համար:





























