Իտալիայի դատարանի կողմից արդարացված Մոեզ բեն Աբդլկադեր Ֆեզզանին դարձել է Լիբիայում ամենանշանավոր դաշտային հրամանատարներից մեկը, հայտնում է Corriere della Sera իտալական պարբերականը:
Նրան մեղադրել էին գրոհայիններ հավաքագրելու մեջ, սակայն հետո արդարացրել էին: Մեկ տարի անց վերաքննիչ դատարանը վերանայել էր վճիռը եւ Ֆեզզանիին 6 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն նա արդեն փախել էր Սիրիա:

Ֆեզզանին առաջին անգամ իտալական ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1997-ին: Նրա տանն իջեւանում էին Բալկաններ ու Աֆղանստան մեկնել պատրաստվող հավաքագրված գրոհայինները:

1997-ի օգոստոսին Ֆեզզանին մեկնել էր Պակիստան, որտեղ նրան կալանավորել էին կեղծ վիզայի համար, սակայն հետո ազատ էին արձակել: 2001-ին Աֆղանստանում նրան բանտարկել էր ԿՀՎ-ն, իսկ 2009-ին՝ հանձնել Իտալիայի իշխանություններին Գուանտանամոյի բանտի 2 կալանավորների հետ: Բանտում Ֆազզանին բողոքում էր մուսուլմանների հանդեպ անմարդկային վերաբերմունքից:

Իտալիայի իշխանությունները 2012-ին նրան ազատ էին արձակել՝ Թունիս վտարելու որոշմամբ: Օդանավակայանի ճանապարհին նա ոստիկանական մեքենայի պատուհանից դուրս էր ցատկել եւ փախել: Սակայն մի քանի օր անց նրան բռնել էին:

Թունիս վտարվելուց հետո նա փախել էր Սիրիա, իսկ հիմա Լիբիայում ամենահայտնի դաշտային հրամանատարներից մեկն է: