Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր` հոկտեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հայկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է եղել:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի, հայկական կողմը Աղդամի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով ազդրին հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանցի զինծառայող 27-ամյա Էլգիզ Մուհամեդօղլին: Դեպքը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Ղարաղաշլի գյուղի մոտ: Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւի, վիրավորված զինվորը տեղափոխվել է հիվանդանոց եւ նրա վիճակը բավարար է:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմ պահպանմանը իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սուտն են տարածել»»,-նշեց Հասրաթյանը:





























