Նիգերիայի իշխանությունները հայտարարել են, որ անում են հնարավոր ամեն բան Չիբոկ քաղաքից առեւանգած աղջիկներին ազատելու համար, որոնց պատանդ են պահում «Բոկո Հարամի» գրոհայինները: Այս մասին հայտնում է նիգերիական Today պարբերականը:
Երկրի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ալբհաջի Լաի Մուհամմեդը հայտնել է, որ Նիգերիայի իշխանությունները կապ են հաստատել նրանց հետ, ովքեր մասնակցել են տեսանյութի նկարահանմանը:
Նրա խոսքով՝ Նիգերիայի իշխանությունները շատ զգույշ են վարվում, քանի որ «Բոկո Հարամի» ներսում պառակտումից հետո ամեն բան բարդացել է, բացի այդ իրենք փորձում են ապահովել աղջիկների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ «Բոկո Հարամի» գրոհայինները առեւանգած աղջիկներին պատկերող տեսանյութ էին հրապարակել, որում նրանցից մեկի գրկում երեխա կար, ինչը կարող է վկայել, որ դպրոցական աղջիկները սեռական բռնության են ենթարկվում:





























