Ոսկին թանկանում է՝ շարունակելով արձագանքել ԱՄՆ վիճակագրությանը, որն ավելի թույլ ցուցանիշներ է գրանցել, քան կանխատեսվում էր եւ դրանով նվազեցրել  է Դաշնային պահուստային համակարգի դրույքի բարձրացման շանսերը։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում թանկացել են 0.30 դոլարով եւ կազմել 1343.5 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան մատակարարումների գինն աճել է 0.47 տոկոսով եւ կազմել 19.80 դոլար։

Համաձայն ԱՄՆ առեւտրի նախարարության հրապարակած տվյալների՝ երկրում հուլիսին մանրածախ վաճառքի ծավալը ամսական կտրվածքով չի փոփոխվել։ Ընդ որում, վերլուծաբաններն ակնկալում էին, որ հուլիսին այդ ցուցանիշը կաճի 0.4 տոկոսով։ Մանրածախ վաճառքի ծավալները, բացառությամբ ավտոմեքենաների, հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ 0.3 տոկոսով պակասել են, ինչը նույնպես 0.2 տոկոսով պակաս է վերլուծաբանների կանխատեսումներից։