Ղրիմում ՀՕՊ նորագույն հրթիռային համալիր տեղակայելը, որն անմիջապես հաջորդեց Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշտեցմանը, նպատակ ունի «խաղալ ՆԱՏՕ–ի նյարդերի հետ», գրում է բրիտանական The Times պարբերականը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայության աճն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ստիպում է մտածել Կրեմլի մտադրությունների մասին։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնանկությունը եւս մեկ անսպասելի ժեստ էր, որը շփոթեցրեց ռուսական քաղաքականության փորձագետներին։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ–ում ցանկացած տարաձայնություն օգտագործելու է իր օգտին։ Այսպես՝ Թուրքիայում արդեն խոսում են պաշտպանական ոլորտում համագործակցության նոր տարբերակների մասին, եւ ՆԱՏՕ–ն կարծում է, որ ակնարկը վերաբերում է Ռուսաստանին։ Պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի այն հայտարարությունը, թե Թուրքիայի անդամակցությունը դաշինքին չի վիճարկվում, միայն սաստկացրել է այն զգացողությունը, որ Անկարան հեռանում է Արեւմուտքից, փոխանցում է Gazeta–ն։





























