Երեկ այրվել է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի տունը: Ճանաչված հեռուստահաղորդավարը Աթոյան 91 տանը բռնկված հրդեհից չի վնասվել, սակայն նյութական մեծ կորուստներ է կրել, այրվել է նրա տան ողջ գույքը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ երեկ ժամը 11-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի Աթոյան փողոցի թիվ 91 տանը: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ: Ըստ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության՝ հրդեհի արդյունքում այրվել է միայն հաղորդավարին պատկանող տան տանիքը` 50 քմ մակերեսով, սակայն ականատեսների պնդմամբ՝ Ֆելիքսը զրկվել է իր բնակարանի ողջ գույքից:

Ի դեպ, շատերն այս հրդեհում միտում են տեսնում: Ներկայումս «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատող Ֆելիքս Խաչատրյանը ժամանակին աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում: «Երկու աստղ» հեռուստաշոուի ուղիղ եթերում նա դժբախտություն էր ունեցել հայտարարելու, թե «մենք էլ մեր մուկն ունենք»: Հետագայում Ֆելիքսը հայտարարել էր, թե նկատի ունի ոչ թե հայտնի պաշտոնյային, այլ Պույ-պույ մկնիկին, բայց նրան հեռացրել էին աշխատանքից: