ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայում ամերիկյան միջուկային զենքի մշտական տեղակայումը ահաբեկչական եւ այլ թշնամական ուժերի կողմից գրավման լուրջ մտավախություններ է առաջացնում: Այդ մասին ասված է ամերիկյան հետազոտական Սթիմսոն կենտրոնի հրապարակած զեկույցում:
Փորձագետները ենթադրում են, որ բացարձակ վստահություն չկա, թե ԱՄՆ-ն կկարողանա պահպանել B61 տեսակի հիսուն միջուկային ռումբերը Թուրքիայում շարունակվող քաղաքացիական հակամարտության ֆոնին:
Պետական հեղաշրջման անհաջող փորձի ընթացքում իշխանությունները սահմանափակեցին մուտքը ավիաբազա, իսկ դրա հրամանատարը ձերբակալվեց եւ մեղադրվեց հեղաշրջմանը մասնակցության համար:
«Անվտանգության տեսանկյունից Ինջիրլիկի ավիաբազայում մոտավորապես 50 միավոր միջուկային զենք ունենալը նույնն է, ինչ զար նետելը», — նշված է զեկույցում:
Միացյալ Նահանգները Եվրոպայում առաջին անգամ մարտավարական միջուկային զենքեր են տեղակայել 1950-ականների վերջին եւ 1960-ականների սկզբին` հակազդելու խորհրդային տանկային բանակի աճեցմանը, որն ընթանում էր Արեւելյան Եվրոպայում: Չնայած միջուկային մարտավարական զենքի մեծամասնությունը 1990-ականների սկզբին դուրս է բերվել Եվրոպայից, 180 մարտավարական B61 ռումբ մնում է Եվրոպայի վեց բազայում` Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, ինչպես նաեւ Թուրքիայում:
Զեկույցում խորհուրդ է տրվում անմիջապես բոլոր B61 ռումբերը հանել Եվրոպայից եւ վերացնել զենքի այդ տեսակի բոլոր գնումները, ինչն ավելի քան վեց միլիարդ դոլարի խնայողություն կտա: «Այդ ռումբերը վատ են հարմարեցված ժամանակակից պատերազմի համար եւ աներեւակայելիորեն թանկ արժեն», — ընդգծված է փաստաթղթում:
Թուրքիայում զինվորականների ապստամբությունը, որը տեղի էր ունեցել հուլիսի 15-ին, ճնշվել է իշխանությունների կողմից: Հեղաշրջման ընթացքում 246 մարդ զոհվել է, չհաշված հեղաշրջման կազմակերպման հետ կապ ունեցողներին, եվս 2,1 հազար մարդ վնասվածքներ է ստացել:
Իշխանության պետական հեղաշրջման կազմակերպման համար Թուրքիայում մեղադրել են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին, որն ԱՄՆ-ում է ապրում: Անկարան նրա անհապաղ արտահանձնում է պահանջել եւ Վաշինգտոնին սպառնացել է վատացնել հարաբերությունները, եթե հրաժարվեն հանձնել նրան: Ինքը` ընդդիմադիրը դատապարտել է ապստամբությունը եւ հայտնել է դրա հետ կապ չունենալու մասին, հայտնում է Lenta-ն:





























