Միգրացիոն պայմանագրի հետագա իրականացումը սպառնալիքի տակ կհայտնվի, եթե Եվրամիությունը մինչեւ հոկտեմբերի վերջ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ չմտցնի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն գերմանական   Bild թերթին տված հարցազրույցում:

«Մենք պայմանագրեր ունենք ԵՄ-ի հետ, որում հստակորեն ասված է, որ հոկտեմբերին Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ է մտցվելու: Կամ երկու կողմն էլ ժամանակին կատարում են բոլոր պայմանները, կամ էլ մենք մի կողմ ենք դնում բոլոր պայմանավորվածությունները», — հայտնել է Չավուշօղլուն:

Նախարարի խոսքով, Թուրքիան ամեն հնարավորն արել է ԵՄ-ին անդամակցության համար, սակայն ի պատասխան ընդամենը սպառնալիքներ եւ վիրավորանքներ է ստացել: Բացի այդ, նա եվրոպական ԶԼՄ-ներին մեղադրել է Անկարայի հանդեպ  «կրկնակի բարոյականության» համար:

Մեկնաբանելով երկրում մահապատժի հնարավոր ներդրումը, Չավուշօղլուն նշել է, որ թուրք ժողովուրդն է պահանջում դա հեղաշրջման փորձի կազմակերպիչներին պատժելու համար, հայտնում է   Gazeta-ն: