Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի աղետի մեղավորը, որը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ, անձամբ Կաչինսկին է: Gazeta-ի փոխանցմամբ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բարդ իրադրություններում հրամանատարը մշտապես հարցնում է նախագահի որոշման մասին: Նախագահը չպետք է թույլ տար այդ ինքնաթիռի թռիչքը եւ ոչ մի դեպքում՝ դրա վայրէջքը: Նույնիսկ այս հարցում նախագահն է կրում ամբողջ պատասխանատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

2016-ի ապրիլին լեհական TVN24-ը հրապարակել է 2010-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած աղետից առաջ՝ թռիչքի վերջին 38 րոպեների ընթացքում, Տու-154-ի օդաչուների սրահում ընթացած բանակցությունների ձայնագրությունը:

Նշվում է, որ օդաչուների եւ սրահ մտած բոլորի ձայներն իրարից առանձին են հնչում: Այսպիսով,  ձայնագրությունն իրենից ներկայացնում է ձայնային երեք ուղղություն՝ օդաչուի, երկրորդ օդաչուի բարձրախոսների մեջ լսվող եւ սրահում տեղադրված բարձրախոսներով:

TVN24-ը հավելել է, որ ձայնագրության վերջին 4 րոպեները չի հրապարակել դրանց բովանդակության պատճառով եւ ելնելով աղետի զոհերի հիշատակի հանդեպ հարգանքից:

Ту-154 ինքնաթիռը Սմոլենսկի մոտ ջախջախվել էր 2010-ի ապրիլի 10-ին: Ինքնաթիռում գտնվող բոլորը՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին կնոջ հետ եւ կառավարական պատվիրակության 86 անդամները, որ թռչում էին մասնակցելու Կատինի հիշատակի արարողությանը, ինչպես նաեւ անձնակազմի անդամները զոհվել էին: