Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաեւ ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր:

Համաձայն ս.թ. մայիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի եւ Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ եւ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ դեսպանության շենքը կառուցվում է Բուրմայան ընտանիքի եւ մասնավորապես՝ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի նվիրատվությամբ: Դեսպանության շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առավելագույնը 12 ամսում:

Հիմնարկեքի արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարները:

«Մեր բարեկամությունը սկսել է 1992 թվականից եւ վերջերս շատ ավելի ամրապնդվել է, անշուշտ, նաեւ ձեր ներկայությամբ այստեղ, պարոն նախագահ: Այն համաձայնությունները, որ ստորագրեցինք էլ ավելի պետք է ամրապնդեն մեր բարեկամությունը եւ մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եղեք, որ այս հարաբերությունները ավելի պետք է ամրապնդվեն տնտեսական ներդրումների եւ առողջապահական ոլորտներում: Եվ այս արարողությունը, որ տեղի է ունենում դեսպանատանը, պետք է լինի հիմք մեր երկու երկրների միջեւ նոր եւ ապագայի բարգավաճ ու խոստումնալից հարաբերությունների համար»,- իր ելույթում ասել է ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան:

«Հետադարձ հայացք նետելով համատեղ անցած ուղու վրա, կարող ենք փաստել, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորվել եւ ամրապնդվել են բազմաբնույթ կապեր:

Նախագահ Սարգսյանի այս այցը, վստահաբար, արգասաբեր հիմք է հանդիսանալու նոր խոստումնալից նախաձեռնություններով մեր ընդհանուր օրակարգի համալրման, հայ-բրազիլական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանն ու Բրազիլիան բարեկամության, հարգանքի եւ վստահության հիմքի վրա առավել ամրապնդեն սերտ հարաբերությունները երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ։ Սա է այն գլխավոր ուղերձը, որը մենք այժմ Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությամբ զետեղելու ենք նոր դեսպանատան հիմքում»,-իր ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ եւ պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում: