2010 թվականի հոկտեմբերի 7-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, հաղորդման մեջ ներկայացված են Վանաձոր քաղաքի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասները, ինչպես նաեւ Մելսիկ Այվազյանից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը:
Ըստ Մելսիկ Այվազյանի՝ գործի մեջ ներգրավված է ներկայիս Սպիտակ քաղաքի ոստիկանապետ /նախկինում` Վանաձոր քաղաքի քրեական հետախուզության պետ/ Արթուր Շահվերդյանը, որը համագործակցում էր ոչ միայն ոստիկանության, այլեւ «հանցագործ» աշխարհի ներկայացուցիչների հետ:





























