Ավիաշոուի մասնակից բելառուս օդաչուների մահվան կապակցությամբ այսօր լեհական Ռադոմ քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հետաձգված են մոտակա երեք օրվա ընթացքում նախատեսված ժամանցային բոլոր միջոցառումները, իջեցված են լեհական դրոշները, իսկ եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ավիաշուի ժամանակ բելառուսական Су-27 ինքնաթիռը բարձրության վրա կորցրել էր հավասարակշռությունը եւ կործանվել։ Մահացել են գնդապետներ Ալեքսանդր Մորֆիցկին, Ռազմական օդուժի Արեւմտյան օպերատիվ-մարտավարական հրամանատարության ու Բելառուսի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալը եւ 61-րդ կործանիչ ավիաբազայի հրամանատարի տեղակալ՝ Ալեքսանդր Ժուրավլյովիչը։
Մոտ ժամանակներս մահացած օդաչուների մարմինները կտեղափոխվեն Մինսկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական վարկածով, շարժիչի մեջ մտած թռչունն է եղել։




























