«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ինքը ազատության մեջ էլ ուներ առողջական խնդիրներ, ինֆարկտ ու ինսուլտ էր տարել, անազատության մեջ էլ թոքերի ինսուլտ տարավ: Հիմա երբ ամեն անգամ այցելում եմ իրեն, տեսնում եմ, որ վիճակը օր օրի վատանում է: Անգամ չի կարողանում գալ այն սենյակ, որտեղ մենք հանդիպում ենք»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ արդեն երկու անգամ է՝ Վահան Շիրխանյանը չի կարողացել մասնակցել նույն ՔԿՀ-ի շենքում քննչական գործողությունների, թեեւ ցանկություն ունեցել է:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Վահան Շիրխանյանը պատանդի կարգավիճակում է այժմ, ու քննչական մարմնի պնդումները, թե ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել նախաքննությանը, անհիմն են:
«Գիտակցելով թողում են, որ մարդու վիճակն էլ ավելի վատանա: Եթե մի օր նրա անմեղությունը ապացուցվի ու ազատվի, բայց շատ վատ առողջական վիճակով, ո՞վ է պատասխան տալու»,- ասաց նա՝ նշելով, որ Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների լուծման համար ՔԿՀ-ում չկան բավարար պայմաններ:
Փաստաբանը նշեց, որ շուտով իր եւ արտասահմանցիների կազմած առաջին գանգատը այս գործով կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելու ժամանակ Վահան Շիրխանյանը ոտքը վիրահատել են:





























