Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է սենատոր Էդվարդ Քենեդիի հարազատներին՝ սենատորի մահվան կապակցությամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն այսօր սգո մատյան է բացվել սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ:
Սերժ Սարգսյանի փոխանցած ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան մասին: Հռչակավոր քաղաքական գործիչների տոհմի ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր եւ տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի եւ Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից եւ ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ: Սենատոր Քենեդիի՝ բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիների սրտերում: Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը եւ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ Էդվարդ Քենեդին ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եւ արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդու կրտսերն եղբայրն էր: Նա 1962թ-ից սենատոր էր, հայկական խմբի ամենաերկարակյաց անդամը: Քենեդին մահացել օգոստոսի 26-ին, կյանքի 77-րդ տարում:




























