ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սուրենի մայրը՝ տիկին Անժելան, նշեց, որ տան միակ եկամուտը ամսական ստացվող  23 հազար դրամ նպաստն է եւ այն գումարը, որը դաշտում աշխատելով է վաստակում։

«Շատ վատ վիճակում ենք, տան միակ աշխատողը ես եմ էս պահին, տղաս, որը մի քիչ գոնե օգնում էր, բայց   ընկել, ոտքը կոտրել է, չի կարողանում այս պահին օգնել ինձ։ Դաշտում եմ աշխատում, տարբեր աշխատանքներ եմ անում, բայց  էս սթրեսից հետո, ինքնազգացողությունս վատացել է, էս արեւի տակ չեմ կարող երկար աշխատել»,- ասաց տիկին Անժելան։

Նա նշեց, որ 23 հազար նպաստով ընտանիքը մի կերպ կարողանում է տան կոմունալ ծախսերը հոգալ, իսկ  է տիկին Անժելայի վաստակած գումարով՝ սնունդ գնել։

«Մի կերպ գոյատուում ենք, ես էլ առողջություն չունեմ, որ շատ աշխատեմ դաշտում, մի քիչ շատ գումար վաստակեմ»,–ասաց տիկին Անժելան։

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: