ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը արձագանքել է «Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի՝ օրեցօր վատանալու մասին նրա պաշտպանի հայտարարությանը: 

ՔԿՎ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վահան Շիրխանյանը պարբերաբար հետազոտվել եւ մասնագիտական խորհրդատվություններ է ստացել ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ քաղաքացիական հիվանդանոցներում:

«ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պետական պատվերի ուղեգրերով օգոստոսի 3-ին եւ 4-ին քաղաքացիական հիվանդանոցում ենթարկվել է համապատասխանաբար գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային եւ ուղեղի անոթների արյան շրջանառության դոպլեր հետազոտությունների, ապա  օգոստոսի 9-ին ստացել է բժիշկ-նյարդաբանի խորհրդատվություն, որի արդյունքում նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, ինչը եւ Վ. Շիրխանյանը շարունակում է ստանալ: Օգոստոսի 11-ին Վահան Շիրխանյանը կրկնակի զննության է ենթարկվել իր կողմից հրավիրված բժիշկ-նյարդաբանի կողմից: Այժմ նա շարունակում է ստանալ նյարդաբանի կողմից նշանակված բուժումը եւ գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո»

Հիշեցնենք, որ փաստաբանը, ըստ էության, չէր բողոքել բուժանձնակազմից: Նրա խոսքով՝ ՔԿՎ-ում պարզապես չկան համապատասխան պայմաններ Վահան Շիրխանյանի բուժման համար, նրա վիճակն օրեցօր վատանում է:

Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելու  ժամանակ Վահան Շիրխանյանը ոտքը վիրահատել են: