Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ՀԴԲ-ի աշխատակիցներին պատմել է, որ մասնավոր էլեկտրոնային փոստն աշխատանքի համար օգտագործել իրեն խորհուրդ է տվել նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին ասված է լրագրող Ջո Կոնասոնի «Man of the World: The Further Endeavors of Bill Clinton» («Աշխարհի մարդը. Բիլլ Քլինթոնի հերթական ձեռնարկները») գրքում, որի նախնական օրինակներին ծանոթացել է   The New York Times թերթը:

Այսպես` գրքում նկարագրված է երկխոսությունը Քլինթոնի եւ Փաուելի միջեւ, որի ընթացքում վերջինս նրան խորհուրդ է տալիս մասնավոր էլեկտրոնային փոստն օգտագործել, ինչպես ինքն է դա արել, բացառությամբ գաղտնի հաղորդագրությունների, որոնք նա ուղարկել եւ ստացել է Պետքարտուղարության համակարգչով: 

Միաժամանակ Փաուելի ներկայացուցիչները հայտնել են, որ նա նման զրույց չի հիշում, գրում է  NYT-ը: Նրանց խոսքով, ինքը Քլինթոնին էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել անձնական փոստն այնպիսի նամակագրության համար օգտագործելու վերաբերյալ, որը գաղտնի բնույթ չի կրում, հայտնում է  Gazeta-ն: