Հայաստանն իր հարուստ մշակույթով եւ հին պատմությամբ մեծ հետաքրքրություն է ներկայացնում կուբացիների համար, մասնավորապես տուրիզմի ոլորտում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Կուբայի դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան:
«Երբ կուբացիները այցելում են Հայաստան, զգում են յուրահատուկ մտերմություն, քանի որ մեր երակներով հոսում է հայկական արյուն: Հայտնի է, որ Կոլոմբոսի նավով նոր երկիր էր ժամանել նաեւ հայ, եւ հավանաբար նրա արյուն էլ խառնվել է բնիկների հետ: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկրների աշխարհագրական դիրքին, հայ ժողովրդի նկատմամբ այդպիսի մտերմություն ենք զգում»,-հայտարարել է դեսպանը` հավելելով, որ Խորհրդային միության ժամանակ շատ հայեր վերապատրաստման էին մեկնում Կուբա: Նրա խոսքով ներկայումս Կուբայում ապրում են շատ հայեր:
«Թեեւ դժվարանում եմ նշել կոնկրետ թիվ, սակայն գիտեմ, որ կան բազմաթիվ խառնամուսնություններ եւ դրանցից ծնված երեխաներ»,- վերջում նշեց դիվանագետը:





























