Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալված հայ գործարար Արման Մայիլյանն ազատ է արձակվել: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի հայրենակիցներ, սփյուռքում գտնվող սիրելի հայեր եւ ընկերներ, ովքեր տեղյակ են եղել վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո ինձ հետ ամեն ինչ կարգին է եւ միջադեպը, որի հետ ես բացարձակ կապ չունեի, կլինի վերջինն իմ կյանքում:

Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում եւ ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին եւ հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին:

Հավատարիմ լինելով իմ արմատներին` միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է ամբողջ կյանքիս ընթացքում:

Եվ որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է, սակայն, չի մեռնում»,- գրել է Արման Մայիլյանը:

Հիշեցնենք, որ Արման Մայիլյանը Աշտարակից է: «Հայկական ժամանակ» թերթն ավելի վաղ գրել էր, թե գործարարը սերտ կապերի մեջ է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ: