Առեւտրի համաշխարհային կազմակերպության դատավորների խումբը ընդհանուր առմամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ Եվրամիության հայցին, որը վերաբերում է ԵՄ-ի երկրներից խոզաբուծական արտադրանքի ներմուծման արգելքին, որ մտցրել է Մոսկվան: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՀԿ-ի հաղորդագրությունը:   

Դատավորները համարել են, որ ռուսական կողմից ներդրված մի շարք միջոցներ հակասում են ԱՀԿ-ում նրա պարտավորություններին: 

2014 թվականի հունվարի 30-ից Ռոսսելխոզնադզորը Լիտվայում եւ Լեհաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի բռնկումների ֆոնին արգելել է ԵՄ-ի երկրներից խոզաբուծական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, մինչեւ Եվրահանձնաժողովից անվտանգության երաշխիքներ ստանալը: 

ԱՀԿ-ի դատավորները ուրբաթ նշել են որ ԵՄ-ն անհրաժեշտ  ապացույցներ է ներկայացրել, որ միության տարածքում եղել են ԽԱԺ-ով չվարակված գոտիներ, ինչի կապակցությամբ  Ռուսաստանի կողմից Եվրամիության բոլոր երկրներից ներմուծման արգելքը ԱՀԿ-ի համաձայնագրերին չհամապատասխանող է ճանաչվել: