Ներկայումս Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելը չիշտ քայլ չէ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ,  պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» օրինագծին:

«Մենք գիտակցում ենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն իր վրա է վերցրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առաքելությունը: Մեր կողմից այդպիսի քայլը կարող է խանգարել նրանց, իսկ դա մենք չենք ուզում»,- ասել է նա ու հավելել, որ Հայաստանում չկա այնպիսի մարդ, որը դեմ լինի ԼՂՀ անկախությունը ճանաչելուն, բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: «Մենք միայն ասում ենք. «Հարգելի «Ժառանգականներ» եկեք հիմա չբարձրացնենք այդ հարցը: Հնարավոր է բոլորս միասին դա անենք հաջորդ տարի, հնարավոր է երկու տարի անց, նաեւ հնարավոր է բանակցային գործընթացը տա իր արդյունքները եւ բանը դրան ընդհանրապես չհասնի»,- նշել է Մինասյանը:

Հարցին, թե «Ժառանգության» հետ որեւէ փոխզիջման հասե՞լ է իշխող կոալիցիան, որպեսզի այդ օրինագիծը քվեարկության չդրվի, հանրապետական պատգամավորը պատասխանեց, որ իրեն նման բան հայտնի չէ:

Նշենք, որ «Ժառանգությունը» հետաձգել է այդ օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա, դա հիմնավորելով նրանով, որ քննարկումների ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին նման խնդրանքով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոստանալով, որ այդ ընթացքում իրենք կոնսենսուսի կգան:

Հիշեցնենք նաեւ, որ իշխող կոալիցիան դեմ է ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ օրինագծին: ՀՅԴ-ն հայտարարել է, որ եթե այն դրվի քվեարկության, իրենք կողմ կքվեարկեն, թեեւ մինչեւ վերջերս Դաշնակցությունը հայտարարում էր, որ իրենք դեմ են օրինագծին եւ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ եթե դեմ քվեարկեն, դա սխալ կհասկացվի հասարակության եւ միջազգային հանրության կողմից: