ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հիշողությունների գիրք է գրել, որտեղ ոչ մի բառ չկա Սադամ Հուսեյնի եւ զանգվածային ոչնչացման զենքի մասին: Փոխարենը նա պատմում է իր մանկության մասին, որն անցել է հարավային նահանգներում՝ ռասայական խտրականության պայմաններում, հաղորդում է AFP-ն:
Extraordinary, Ordinary People: A Memoir of Family («Անսովոր սովորական մարդիկ. ընտանեկան հիշողություններ») վերնագրով գիրքը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի արդեն հոկտեմբերի 14-ին: Ռայսը ծնվել է 1954-ին, Բիրմինգհեմում (Ալաբամա), որը դարձել էր աֆրոամերիկյան բնակչության պայքարի կենտրոն: «1950-ականներին սեւամորթներն ու սպիտակամորթներն ապրում էին զուգահեռ աշխարհներում, իրար բախվելով միայն մի քանի հանրային վայրերում»,- գրում է Ռայսը:
Նա պատմում է նաեւ իր ընտանիքի հիշողությունները Դենվեր տեղափոխվելու մասին, որտեղ նա սովորել է համալսարանում:
Ռայսի մեմուարների առաջին գիրքն ավարտվում է 2000 թվականով, երբ նա նշանակվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում:





























