Միանշանակորեն կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ իրականացրած դաշտային առաքելությունը դրական էր։ Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ այս առաքելության ամենաէական մասն այն էր, որ դիտարկվող վայրերում երբեք չեղած 2 համանախագահները հնարավորություն ունեցան տեսնել ազատագրված տարածքները, այնտեղ ապրող ժողովրդին, լսել նրանց կամքը եւ ցանկությունը։ «Քանի որ ղարաբաղյան հակամարտության լուծման բոլոր սլաքներն ուղղվում են  ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա նրանք այս հարցում ամենատեղեկացվածը պետք է լինեն։ Խնդրի լուծման միակ ձեւաչափն այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- նշեց Ավագյանը։

Նա նաեւ նկատեց, որ համանախագահների եւ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը հստակորեն դրվել է նաեւ դաշտային  առաքելության երկրորդ փուլի անհրաժեշտության հարցը. «Այն է, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների ուսումնասիրություն, ինչը եւ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեցին ԵԱՀԿ համանախագահները»։

Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը կրկին շեշտեց, որ իրականացված առաքելությունը «միմիայն դրական առաքելություն էր, եւ այն մտավախությունները, որ սա ադրբեջանական կողմի ցանկությունն էր կամ հողերի հետ կապված խնդիրների լուծում, ուղղակի անիմաստ ու ապարդյուն խոսակցություններ են, քանի որ առաքելությունն իր առջեւ նման խնդիր չէր դրել»:

Նշենք, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ժամանել էր հոկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 4-5-ը, առաքելությունը եղել էր Ադրբեջանում։ Դիտորդական առաքելության աշխատանքները ավարտվել են  հոկտեմբերի 12-ին։