Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան՝ չնայած այդ երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս եղած բողոքին, հայտնում է BBC-ն։
«Հըզբոլլահ»-ը օդանավակայանի ողջ ճանապարհին, որով պետք է անցնի Իրանի նախագահի շարասյունը, նրա նկարներով ցուցապաստառներ է սոսնձել։
Սակայն լիբանանյան քաղաքական եւ կրոնական շատ կազմակերպություններ հանդես են գալիս Ահմադինեժադի այցի դեմ։ Նրանք վախենում են, որ երկրում հաստատված փխրուն քաղաքական հավասարակշռությունը կարող է խախտվել։
Ավելի վաղ Վաշինգտոնը եւ եվրոպական կառավարությունները Իսլամական Հանրապետության նախագահին կոչ էին արել չայցելել Լիբանան։ Որոշ տվյալներով, այցի ընթացքում Իրանի նախագահը պատրաստվում է այցելել Իսրայելի հետ սահման եւ խորհրդանշական քար նետել Իսրայելի կողմը:




























