Հոկտեմբերի 15-20-ը Երեւանում եւ Լեռնային  Ղարաբաղում Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված  տոնակատարություն կանցկացվի, որը կրելու է «Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում» խորագիրը: Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։

Միջոցառման շրջանակներում կկայանա «Ռուսաստանի հայերի միության հրատարակչական գործունեությունը» անունը կրող գրքի ցուցահանդեսը, ինչպես նաեւ կազմակերպության 10-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը։ Բացի այդ, տեղի կունենա «Եղել ենք, կանք, կլինենք» գրականության մրցույթին մասնակցած դպրոցականների եւ ուսանողների պարգեւատրման արարողությունը։ Հիմնական ծրագրի շրջանակներում տեղի կունենան նաեւ կլոր սեղաններ, Հայաստանին նվիրված երեկոներ։

Ռուսաստանի հայերի միության եւ Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծառեր կտնկվեն։

Միջոցառումները կամփոփվեն հոբելյանական երեկոյով եւ տոնական համերգով, որը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։