Թուրքիայի Սամսուն քաղաքի ծանր հանցագործությունների գծով 2-րդ դատարանում սկսվել է 46-ամյա Օրհանի եւ նրա որդուն՝ Յաշարի դեմ դատավարությունը: Նրանք մեղադրվում են 39-ամյա Վրաստանի քաղաքացուհուն բռնությամբ իրենց տանը պահելու, բռնաբարելու եւ գումարի դիմաց այլ անձանց հետ սեռական հարաբերության դրդելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օրհանը դատարանում նշել է, թե ինքը մատուցող է աշխատում եւ այդ ընթացքում է ծանոթացել վրացի կնոջ հետ։ «Նա իր ցանկությամբ է իմ տանը մնացել։ Ես ընդհամենը մի քանի անգամ եմ նրա հետ հարաբերություն ունեցել, բայց դրա համար տվել եմ նրա պահանջած գումարը։ Ես բռնությամբ ոչինչ չեմ պարտադրել եւ ցանկանում եմ, որ ինձ անմեղ ճանաչեն»,-պնդել է 46-ամյա Օրհանը։
Որդին եւս չի ընդունել մեղադրանքը, նշելով, թե ինքը ավտովթարի արդյունքում վնասվածքներ է ստացել եւ չէր կարող ինչ-որ մեկին բռնությամբ ինչ որ բան պարտադրել։
Մեղադրյալների պաշտպանական ելույթներից հետո դատարանը հետաձգել է դատավարությունը։
Նշենք, որ վրացի կինը ոստիկանությունում հայտնել է, որ 6 ամիս առաջ աշխատելու նպատակով եկել է Սամսուն, որտեղ ծանոթացել է մատուցող աշխատող Օրհանի հետ, ով իրեն խաբեությամբ տուն է տարել, ծեծել եւ վերցրել իր մոտ եղած 1500 դոլար գումարը, պարբերաբար բռնաբարել է եւ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ։





























