Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց եւս մեղադրանքներ են առաջադրվել: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիներ Ա. Տ.-ին եւ Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: