Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հյուրընկալվել էր Գլենդեյլի «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցի սաներին: Նպատակը` ամերիկյան միջավայրում ապրող եւ օտար կրթություն ստացող, նաեւ` հայկական արմատներից չհեռացող հայ երեխաների հետ զրույցն էր անմիջական, անկաշկանդ մթնոլորտում:
Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանին եւ երկրից դուրս Հայաստանը ներկայացնող կառույցների գործառույթներին:
Հայաստանի գլխավոր հյուպատոսի այցելության հաջորդ նպատակը հայերեն դասագրքերի մասին ուսուցիչների եւ աշակերտների կարծիքը լսելն էր:
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված հայերեն դասագրքերի մի մեծ խմբաքանակ ՀՀ Գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղափոխվել էր Լոս Անջելես եւ անվճար տրամադրվել աշակերտներին:




























