Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդան քաղաքի ոստիկանապետ, գնդապետ Ավետիս Ստեփանյանը քիչ առաջ արգելել է Հրազդանի ոստիկանության բաժին մուտք գործել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Առուստամյանին:
Իրավապաշտպանն ու լրագրողները ոստիկանության բաժին էին գնացել, քանի որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում այսօր ընթացող Վահան Խալաֆյանի գործով դատական նիստի ընդմիջմանը նրանց էր դիմել Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 231 շենքի բնակչուհի Լուսիկ Մելքոնյանը։ Վերջինս հայտնել էր, որ իր 29-ամյա որդուն` Մալինով Իշխան Վալերինովիչին, հոկտեմբերի 10-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով տարել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, այնուհետեւ 2 օր այնտեղ պահելուց հետո տեղափոխել են Հրազդանի ոստիկանություն:
Այս առնչությամբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին պատմեց հետեւյալը. «Մայրը պնդում էր, որ իր տղային երկու օր ապօրինի պահել են եւ ծեծել։ Անգամ նա Հրազդանի ոստիկաններին հայտնել է, որ իր տղան ցանկանում է փաստաբան ունենալ, բայց նրան պատասխանել են, թե փաստաբանի կարիք չկա: Ոստիկանության շենքի մոտ Միքայել Դանիելյանը ոստիկանապետին խնդրեց, որպեսզի թույլ տան մորը եւ լրագրողներին տեսակցել բերման ենթարկված Իշխան Մալինովին: Դանիելյանը ոստիկանապետին հայտնեց նաեւ որ դա չի հակասում օրենքին: Ես էլ ասացի, որ Հրազդանում արդեն շշուկներ են տարածվում, որ երիտասարդին ոստիկանությունում ծեծել եւ խոշտանգել են եւ եթե դա չի համապատասխանում իրականությանը, ապա ոստիկանության շահերից է բխում, որպեսզի թույլ տան մեզ` տեսնել երիտասարդին:
Ոստիկանապետը պատասխանեց, թե. «Ես հիմա կզանգահարեմ եւ կպատասխանեմ ձեզ»: Մի քանի րոպե անց, հավանաբար, նա խոսեց իր վերադասի` ոստիկանության մարզային վարչության ղեկավարության հետ եւ հայտնեց, որ ինքը շարժվում է ոստիկանության կանոնագրքով եւ արգելում է տեսակցել բերման ենթարկվածի հետ:
Իշխանի մայրը հարցրեց ոստիկանապետին. «Եթե իմ տղային տարել եք հոկտեմբերի 10-ին, ինչո՞ւ եք բերման արձանագրություն կազմել հոկտեմբերի 12-ով», ինչին ոստիկանապետը պատասխանեց. «Մեզ մոտ երիտասարդը բերվել է ամսի 12-ին եւ ես պատասխանատու եմ այդ օրվանից:
Ավելի ուշ մայրը հայտնեց, որ իր որդուն ենթարկել են բժշկական հետազոտման եւ իրեն հայտնի է դարձել, որ իր որդու օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել»:



Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























