Ադրբեջանի լուծարված ԱԱՆ-ի նախկին ղեկավար Էլդար Մահմուդովն իր թիկնապահների թվով հետեւում է թողել ԱՄՆ-ի նախագահի պահակախումբը: Էլդար Մահմուդովի անձնական պահակախումբը կազմված էր ոչ ավել, ոչ պակաս`  40 մարդուց, ինչն աշխարհում իր նմանը չուներ, գրում է Moderator.az-ը:

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա ընդամենը Էլդար Մահմուդովի անձնական պահակախումբն է, որը նրան պահպանում էր նախարարություններում եւ պաշտոնական միջոցառումներին: Եվ չնայած այն բանին, որ թիկնապահների թիվը  մի քանի անգամ գերազանցում էր անհրաժեշտ թիվը, Մահմուդովը մինչեւ պաշտոնավարության վերջին օրը չէր մտածում դրա կրճատման մասին:  Ընդհակառակը, նա ուզում էր ավելի մեծացնել իր թիկնապահների բանակը: 

Էլդար Մահմուդովը հպարտանում էր նման մեծ պահակախմբի առկայությամբ, նա համարում էր, որ թիկնապահների նման քանակությունն ընդգծում է իր բացառիկությունը:  Կես վաշտ թիկնապահներն ուղերձ են մյուս պաշտոնյաներին սեփական նշանակության եւ անփոխարինելիության մասին», – ասում է պարբերականի իրազեկ աղբյուրը: 

Իր անձնական պահակախումբ, ինչպես նաեւ ԱԱՆ-ի այլ կառույցներ Էլդար Մահմուդովը մարդկանց ընդունում էր ոչ թե անվարձահատույց, այլ որոշակի վճարի դիմաց:  ԱԱՆ-ի նախկին ղեկավարի անձնական թիկնապահի պաշտոնը  50 հազար մանաթ արժեր: Այսինքն` Էլդար Մահմուդովը իր անձնական պահակախմբի շնորհիվ եւս երկու մլն է վաստակել:  Բացի իր անձնական պահակախմբից, իր անհամար օբյեկտների, վիլլաների, ամառանոցների եւ բնակարանների պահպանության համար Էլդար Մահմուդովը հարյուրավոր մարդկանց էր ներգրավել:  Կարելի է միայն կռահել, թե դրա շնորհիվ նա որքան է վաստակել, նշում է պարբերականը: