Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գիտելիքի օրվա կապակցությամբ իր ուղերձում, շնորհավորելով ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին մասնավորապես նշում է. «Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու եւ զարգացնելու իր մշակույթը:

Այս հանրահայտ ճշմարտությունները Հայաստանի իշխանությունների համար գործողությունների ծրագրի հիմք են: Մեր ուշադրության կենտրոնում է կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը:

Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից` բացահայտելու մի նոր ու անսահման աշխարհ` գրքերի աշխարհը, որ «տիեզերք է անեզր»:

Հաջողություն եմ մաղթում ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարում։ Թող այն լինի արդյունավետ, քանզի գիտելիքի ձեռքբերման յուրաքանչյուր տարին եւ նույնիսկ օրը կարեւոր են: Դրանցով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը":