Չիլիում հանքափորներին գետնի տակից հանելու փրկարարական աշխատանքները հաջողությամբ են պսակվել: Դուրս է բերվել վերջին` 33-րդ հանքափորը, ով հանքահորում` ավերակների տակ էր մնացել ավելի քան 2 ամիս: Ընդհանուր առմամբ, դուրս բերման գործողությունը տեւել է մեկ օր: 

Հանքափորներին հանել են հատուկ «Ֆենիքս» պատիճի միջոցով: Առաջինը, ով տեսել է երկրային լույսը, Ֆլորենսիո Ավալոսն է եղել: Հանքափորների գետնի տակից դուրս բերմանը հետեւել է նաեւ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան, հանքափորների բարեկամները, 1500-ից ավելի լրագրողներ եւ ամբողջ աշխարհը:

Երկրորդ հանքափորը՝ Մարիո Սեպուլվեդա Էսպինան է եղել, ով դուրս գալիս համբուրել է կնոջը եւ փրկրարարներին հուշանվերներ տվել՝ փոքրիկ քարեր հանքավայրից: Առաջին տասնյակի մեջ դուրս են բերվել նաեւ ամենաերիտասարդ եւ ամենատարեց հանքափորները:

Հիշեցնենք, որ Սան-Խոսեում փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 5-ին: Մի քանի օր անց կապ էր հաստատվել 700 մետր խորության տակ մնացած հանքափորների հետ: Փլուզման տակ էին մնացել 32 չիլիացի եւ 1 բոլիվիացի հանքափորներ:  Ընդհանուր առմամբ, Չիլլիի պաշտոնյաների տվյալներով, փրկարարական գործողության վրա ծախսվել է 22 մլն դոլար:.