Տաջիկստանի ՕՄՕՆ-ի նախկին հրամանատար Գուլմուրոդ Հալիմովը, որը հայտնի է նաեւ ալ-Տաջիկի կեղծանունով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա փոխարինել է հակաահաբեկչական գործողության ժամանակ ոչնչացված Աբու Ումար աշ-Շիշանի անունով հայտնի Թարխան Բատիրաշվիլիին: Այս մասին գրում է IRNA-ն՝ վկայակոչելով իրաքյան Նայվան նահանգի անվտանգության ծառայությունների աղբյուրին:

«Տաջիկ Գուլմուրոդ Հալիմովն ընտրվել է ԻՊ-ի գլխավոր զինվորական ղեկավար: Այս մասին պաշտոնապես չի հաղորդվել, քանի որ ԻՊ-ն մտավախություն ունի, որ նա ավիահարվածների թիրախում կհայտնվի: ԻՊ-ի ղեկավար անդամների մեծ մասը Սիրիայում է, Նայնավում նրանցից մի քանիսն է միայն: Իրաքյան այդ նահանգում զինյալներին ղեկավարում երկրորդ եւ երրորդ կարգի անձինք: Բացահայտման եւ ոչնչացման վտանգից ելնելով՝ նրանք խիստ գաղտնի կենսակերպ են վարում եւ չափազանց հազվադեպ են ներկայանում հանրությանը»,- տեղեկացրել է անանուն աղբյուրը:

Տաջիկստանի ՕՄՕՆ-ի նախկին հրամանատար Հալիմովն անցյալ տարվա ապրիլին միացել էր ԻՊ-ին: Երկրում նրան մեղադրել էին պետական դավաճանության մեջ եւ հետախուզում հայտարարել, իսկ մեկ տարի առաջ ներառել ամերիկյան պատժամիջոցների ցանկում: