Բրազիլիայի ոստիկանությունը Սան Պաուլու քաղաքում ցրել է երկրի արդեն նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության դեմ բողոքող հազարավոր ցուցարարներին:

Agencia Brasil գործակալության փոխանցմամբ, ցուցարարները պահանջել են նախագահի պաշտոնից հեռացնել Միշել Տեմերին եւ երկրում նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Բողքի ակցիայի կազմակերպիչները նշել են, որ ընդհանուր առմամբ, ակցիային մասնացկել է շուրջ 100 հազար մարդ: Ցույցը ցրելու համար իրավապահ մարմինները արցունքաբեր գազ, էլեկտրաշոկ եւ այլ հատուկ միջոցներ են օգտագործել:

Հաջորդ ցույցը Սան Պաուլուում նախատեսված է առաջիկա հինգշաբթի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ռուսեֆի պաշտոնանկության արդյունքում, նախագահի պաշտոնն ստանձնել է Միշել Թեմերը, նա Բրազիլիան կղեկավարի մինչեւ 2018-ի ավարտը: Նոր ընտրությունները տեղի կունենան հենց այդ ժամանակ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը 61 կողմ եւ 20 դեմ ձայներով քվեարկել է Ռուսեֆի պաշտոնանկության օգտին: Բացի այդ, որոշվել է որ նա չի զրկվի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: