Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 5-ին կրկին հետաձգվեց Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Դատական նիստը հետաձգվեց տուժող կուրսանտների բացակայության պատճառով։ Դատավորը հայտարարեց, որ տուժող ու վկա կուրսանտները զորավարժությունների են մասնակցում, այդ պատճառով հնարավոր չի եղել նրանց ներկայացնել դատարան։  Դատախազի միջնորդությամբ դատարանը որոշեց հաջորդ դատական նիստի համար ծանուցում ուղարկել ոչ թե ինստիտուտի պետի անունով, այլ վերադաս մարմիններին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին։ Հիշեցնենք, որ արդեն 2 ամիս է՝ դատական նիստ չի կայանում։

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: