Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսանտ Մովսես Ազարյանի ծնողները վստահ են, որ իրենց որդու գլխին սարքել են ու մեղադրանք առաջադրել։

«Ես վստահ եմ, որ ինչպես ես եմ մաքուր, այդպես էլ տղաս է մաքուր։ Իմ տղու մատը Հայկազին չի կպել, աչքը Հայկազին չի տեսել։ Համոզված եմ, որ որդուս գլխին սարքել են, ներքաշել են։ Իմ տղեն մաքուր ա, դատավարությունը կպարզի»,- այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Ազարյանի մայրը՝ Գոհար Ազարյանը։

Գոհար Ազարյանի խոսքով՝ որդին իրեն պատմել է, որ քնած է եղել, անակնկալի է եկել, երբ իմացել է տեղի ունեցածի մասին։

«Ասեց՝ մամ, քնից արթնացել եմ, անակնկալի եմ եկել, որ նման բան է եղել, իջել եմ ցած ու ինձ ձերբակալել են»,- ասաց մայրը՝ նշելով, թե իր որդուց փորձել են ցուցմունք կորզել մյուսների դեմ։

Հիշեցնենք, որ ըստ վկաների՝ հենց Մովսես Ազարյանն էլ գրել է Հայկազ Բարսեղյանի անունից թողած գրությունը։ Երկտողում գրված է «Ոչ մեկ մեղավոր չի,  ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա: Քաշքշուկի համար կներեք»: Ըստ փորձագետների՝ այդ երկտողը տուժողը չի գրել, ով գրել է, չի եղել ինքնասպանություն գործողի հոգեվիճակում: 

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար: