Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ դեռ չի որոշվել այն օրը, երբ Լոնդոնը կսկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն հաստատել է, որ դա 2016–ին չի լինի: Մեյն այս մասին հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ Չինաստանում, որտեղ մասնակցում էր G20 գագաթնաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես մինչեւ տարեվերջ չեմ գործարկի 50 հոդվածը (Լիսաբոնյան համաձայնագրի,որը ԵՄ-ից դուրս գալուն է վերաբերում): Ես դեռ չեմ որոշել, թե երբ է այն գործարկվելու»,- ասել է Մեյը՝ հաստատելով, որ ԵՄ-ից դուրս գալու մասին որոշումը իրագործվելու է:

Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ իրեն ժամանակ է պետք գործընթացը նախապատրաստելու համար, ինչն այս տարի տեղի չի ունենա, նաեւ մտադրություն է հայտնել մինչեւ Լիսաբոնյան համաձայնագրի 50 –րդ հոդվածի պաշտոնական կիրառումը նախնական բանակցություններ վարել:

Սակայն ԵՄ-ն շտապեցնում է Լոնդոնին՝ Brexit -ը սկսելու հարցում ու հրաժարվում է նախնական բանակցություններ վարել: Ավելի վաղ հայտնել էին, որ Բրիտանիան կարող է 2017-ի   սկզբին Բրյուսել ուղարկել հոդվածի դրույթները գործարկելու մասին պաշտոնական ծանուցում:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին հանրաքվե է եղել ԵՄ-ում անդամակցության վերաբերյալ, ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին է քվեարկել բրիտանացիների 51.9 տոկոսը: