Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Հունաստանում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ:

Հ. Աբրահամյանը հույս է հայտնել, որ Էվթիմիուի պաշտոնավարման    ընթացքում Հայաստանի  Ազգային  ժողովի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջեւ հաստատված ջերմ համագործակցությունը կշարունակվի զարգանալ եւ կդառնա էլ ավելի արդյունավետ: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը եւ այս համատեքստում ընդգծել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ եւ գործուն ձեւաչափ: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն անդրադառնալով ԼՂ խնդրին շեշտել է, որ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նա նշել է, որ  հակամարտության կարգավորման ամենագործուն  ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Ըստ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` հարցը չի կարելի տեղափոխվել այլ կառույց:

Հանդիպման ընթացքում Հ. Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է:

Հոկտեմբերի 13-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը մասնակցել է ՀՀ անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը եւ հանդես եկել ելույթով: Հովիկ Աբրահամյանի հրավերով ընդունելությանը  ներկա էին  նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսը  եւ ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս: