Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին եւ Երեւանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:
Նախագահը ողջունել է ավելի քան վեց տասնյակ երկրներից ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակության անդամներին եւ շնորհակալություն հայտնել տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող այդ կարեւոր միջոցառման կազմակերպիչներին եւ մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն տիկին Քազընին:
Հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակությամբ է նշվել վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները եւ կուտակած մեծ փորձը, ինչն էլ, կազմակերպիչների խոսքով, ֆորումը Հայաստանում անցկացնելու առիթ է դարձել:
ՀՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ հաստատված համագործակցությունը եւ դրա շնորհիվ մեր երկրում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի արդյունքում այժմ ՀՀ տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ապահովված է դպրոցական սննդով:
Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում ծրագիրը շարունակական է լինելու եւ այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծման ուղղությամբ:
Հանրապետության նախագահը կարեւորել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի 17 նպատակների մի մասը վերաբերում է երեխաների եւ մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանը ներկայացուցիչներից հետաքրքրվել է իրենց երկրներում այդ ուղղությամբ տարվող քաղաքականության եւ տվյալ ոլորտում փորձի մասին:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ֆորումը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն ու ներկայացուցիչ Պասկալ Միշոյին եւ Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովին, Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար, պարգեւատրել է Երախտագիտության մեդալով:





































