Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովն (LIBE) աջակցություն է հայտնել Վրաստանին Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացում տրամադրելու նախաձեռնությանը: Նախաձեռնության օգտին քվեարկել է հանձնաժողովի 44 անդամ, դեմ՝ 5-ը: Այս մասին հաղորդում է Գրուզիա Օնլայնը:
Ընթացակարգի համաձայն՝ հանձնաժողովում քվեարկությունից հետո Վրաստանին առանց վիզայի ռեժիմի տրամադրման հարցը՝ որոշակի քննարկումներից հետո, կներառվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:
Եվրախորհրդարանի կողմից նախաձեռնության հաստատման դեպքում Եվրահանձնաժողովը կդիմի ԵՄ Խորհրդին եւ Եվրախորհրդարանին՝ Վրաստանի քաղաքացիներին Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի հնարավորություն ընձեռելու մասին երաշխավորությամբ, ինչից հետո որոշումը կընդունեն ԵՄ անդամ պետությունները:
Դրական որոշման դեպքում Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ (գումարած՝ թեկնածու չորս պետություններ՝ Ռումինիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս):





























