Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին կառավարության նիստից հետո հանդիպել է բանակում զոհված զինվորների՝ կառավարության շենքի մոտ բողոքող ծնողներին:

Ինչպես հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը, պաշտպանության նախարարը մոտեցել է զոհված զինծառայողների ծնողներին եւ տեղեկացել նրանց բողոքներին: Օհանյանը նշել է, որ իր նոր տեղակալ Վովա Գասպարյանն այսուհետ զբաղվելու է խորհրդավոր հանգամանքներում զոհված զինվորների գործերով, եւ արդյունքներն իրենց ուշացնել չեն տա:

Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողների համար Օհանյանի այցը զարմանալի է  եղել, քանի որ պաշտպանության նախարարը մշտապես կառավարության նիստերից հեռանում էր կառավարության հետեւի մուտքով: Նրա մեքենան այս անգամ կանգնած է եղել ոչ թե կառավարության ներսում, այլ շենքի առջեւ:

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի